Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
19 Ապրիլի 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Ողջունելով ԱՄՆ դեսպանին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է հայ-ամերիկյան օրակարգի շրջանակներում գրասենյակի և ԱՄՆ դեսպանության միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունը։
«Հայկական սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկը ձևավորել է հենց Միացյալ Նահանգներում: Նրանք մեծապես ներգրավված են երկրի բոլոր ոլորտներում, կապված են Հայաստանին, ակտիվորեն մասնակցում են մեր գրասենյակի ծրագրերին: Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ գրասենյակն իր հիմնադրումից ի վեր սերտ համագործակցություն է հաստատել ԱՄՆ դեսպանության հետ և վստահ եմ, որ այդ համագործակցությունը հետագայում ևս արդյունավետորեն կշարունակվի», - ընդգծել է Զարեհ Սինանյանը։
Հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարը խոսել է գրասենյակի ծրագրերի, հայ համայնքների հետ իրականացվող աշխատանքների, Հայրենադարձության և ինետգրման կենտրոնի մասին։
Զրույցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի և ԱՄՆ-ի հայ համայնքի հետ համագործակցության ընդգրկուն թեմաների վերաբերյալ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր նախաձեռնությունների քննարկման նպատակով հետագա շփումների վերաբերյալ։