Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի համաժողովի բացմանը
31 Մայիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Երևանում մասնակցել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) 9֊րդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասնակցում են ավելի քան 250 հայուհիներ ԱՄՆ-ից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիբանանից, Քուվեյթից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից։
«Հայ կանայք առանցքային դեր են ունեցել մեր ազգի պատմության մեջ։ Նրանք եղել և մնում են մեր ընտանիքների, մեր համայնքների ողնաշարը և սփյուռքում մեր մշակույթի պահպանման շարժիչ ուժը: Դուք մեր օջախի պահապաններն եք և մեր ժողովրդի լուսավոր ապագայի ճարտարապետները։
Այս տարի լրանում է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հիմնադրման 34-ամյակը: Հիմնադիր կանայք քաջ գիտակցել են անհերքելի և ակնհայտ այն փաստը, որ հայ կինը ողջ աշխարհում կենսական դեր է խաղում իր համայնքում, և անհրաժեշտ է օգնելը նրան զարգանալ և ծաղկել, որոշիչ և դրական ազդեցություն ունենալ մեր հասարակության վրա: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար պատիվ է սերտորեն գործակցել AIWA-ի հետ»,- համաժողովի բացման խոսքում նշել է Զարեհ Սինանյանը:
Բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ասոցիացիայի նախագահ Սիլվա Խաչիկեանը, փոխնախագահ Զելա Աստարճեանը և խորհրդի անդամ Ալիս Պետրոսեանը: Նրանք ընդգծել են, որ այս համաժողովի առաջնահերթ նպատակն է համախմբել հայ կանանց՝ կենտրոնանալով Հայաստանի վրա, ներգրավվելով տարբեր ոլորտներում դրական փոփոխություններ բերող կազմակերպությունների, որոնց գործունեությունը առնչվում է կանանց կրթությանը, տնտեսական իրավիճակին, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական բարեկեցությանը, իրավունքներին, տեխնոլոգիաներին և ձեռներեցությանը:
Համաժողովին որպես բանախոս ներգրավված են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մարդու իրավունքների միջազգային իրավաբան Շեյլա Փայլանը, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Լեա Հակիմը, ԱրմԱս ընկերության տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, ՄԱԿ-ի կանանց միջնորդության խորհրդական Կարմա Էքմեքջը և ներկայացուցիչներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, FAST հիմնադրամից, COAF-ից, Հայ կրթական հիմնադրամից, FemInno-ից և Picsart-ից:
Համաժողովն ընդգրկում է սիմպոզիում, կլոր սեղան-քննարկումների շարք Հայաստանի ամերիկյան համալսարանում, այցելություն Դիլիջան, հանդիպումներ գործընկեր կառույցների հետ: