Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի կամավորներին
10 Հուլիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ամերիկահայ և կանադահայ կամավորներին:
Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և ամուր կապը հայրենի պետության հետ: «Ուրախ եմ տեսնել սփյուռքահայ երիտասարդ կամավորներին հայրենիքում: Տեղյակ եմ, որ դուք աշխատանքային փորձառություն եք ունեցել Հայաստանի պետական և մասնավոր հատվածում, և լիահույս եմ, որ այն ձեզ համար արդյունավետ է եղել»,-նշել է Գլխավոր հանձնակատարը: Նա նաև անդրադարձ է կատարել գրասենյակի գործունեությանն ու ծրագերին:
Կամավորները ներկայացրել են իրենց փորձառությունը, նշել, որ այն առանձնապես կարևոր էր հայաստանյան իրականությունը տեսնելու, կապեր հաստատելու և հետագա ներգրավվածության տեսանկյունից:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Սփյուռքահայ երիտասարդները հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգության, օրենսդրական բարեփոխումների, հայկական շահերի պաշտպանության և սփյուռքում հայկական լրատվամիջոցների գործունեության վերաբերյալ: