Տեղի ունեցավ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը
17 Սեպտեմբերի 2024
Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը:
Գագաթնաժողովին մասնակցում է 1000 հյուր 60 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ:
Գագաթնաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ԱՄՆ հայազգի նախկին կոնգրեսական Ջեքի Սփեյերը:
Գագաթնաժողովի աշխատանքային օրերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անվտանգություն, կայուն զարգացում, համայնքների հզորացում և հայրենադարձություն, որոնք ներկայացվելու են իրենց ենթաշերտերով տարաբնույթ ձևաչափերի շրջանակներում:
Այսպիսով, գագաթնաժողովը կունենա 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկում, աշխատաժողով, 3 թեմատիկ ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ներգրավված է 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից:
Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն է Էվոկաբանկը: Ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: