Տեղի ունեցավ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բացումը
23 Սեպտեմբերի 2024
Սեպտեմբերի 23-ին Երևանում մեկարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:
Այս տարի ծրագրին մասնակցում է 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից:
Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ ծրագիրը միտված է մոտեցնել սփյուռքը սփյուռքին, Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին միմյանց ճանաչելու հնարավորություն ընձեռել, ձևավորել սփյուռքահայ ակտիվ երիտասարդների ցանց և ունենալ գրասենյակի երիտասարդ գործընկերներ համայնքներում։
«Կարևոր եմ համարում ընդգծել, որ ծրագրի շրջանակներում գրասենյակն իր առաջին և հաջողված համագործակցությունն ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ, որն առաջին տարում ամբողջությամբ ֆինանսավորեց ծրագիրը և երրորդ տարին է, որ աջակցում է դրա իրականացմանը»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը։
Մասնակիցները 15 օր կանցկացնեն Հայաստանում՝ մասնակցելով հատուկ մշակված դասընթացի, այնուհետ մեկ տարի յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում:
Հայաստանյան դասընթացն ունի տեսական և գործնական բնույթ։ Ներառում է դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: