Լիբանանից մինչև Թաիլանդ ու Բրազիլիա. 190 սփյուռքահայ երիտասարդ Հայաստանում է
12 Օգոստոսի 2019
Օգոստոսի 12-ին Ծաղկաձորում մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը: Այս անգամ 28 երկրներից Հայաստան են ժամանել շուրջ 190 սփյուռքահայ պատանիներ: Դեպի հայրենիք իրենց քայլն են արել անգամ Թաիլանդից, Մոնտենեգրոյից, Քաթարից ու Բրազիլիայից:
Ողջունելով մասնակիցներին՝ Զարեհ Սինանյանը նշեց. «Բարով եք եկել եք ձեր տուն: Այս 2 շաբաթների ընթացքում այցելելու եք Հայաստանի տեսարժան վայրեր, բացահայտելու եք հայրենիքը, սակայն ամենակարևորն այն է, որ դուք ընկերական կապեր եք հաստատելու, հարստանալու եք նոր ընկերներով, նոր սիրով եք լցվելու Հայաստանի հանդեպ»:
Այնուհետ պատանիները ներկայացրին իրենց սպասումները. նրանց մի մասը ցանկանում է ավելի լավ ճանաչել հայրենիքը, մյուս մասը՝ ընկերներ ունենալ ամբողջ աշխարհից, մյուսներն էլ ցանկանում են պարզապես ամրապնդել իրենց գիտելիքները: Ճամբարային 14 օրերի ընթացքում մասնակիցները բացի հայոց լեզվի դասընթացներից կունենան նաև այցելություններ Հայաստանի կրթական ու նորարարական կենտրոններ, հետաքրքիր հանդիպումների, մշակութային ու մարզական միջոցառումների կմանակցեն:
«Քայլ դեպի տուն» ծրագրի գործընկերներն են «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, «VisitArmenia» և «World Vision» կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլն ունեցավ 200 մասնակից 30 երկրներից: