Գլխավոր հանձնակատարն այցելել է «M.A.M.» կրթական շարժման գրասենյակ
27 Հունվարի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և գրասենյակի աշխատակիցներն այցելել են «M.A.M.» կրթական շարժման գրասենյակ:
Կրթական շարժման հիմնադիրներ Մարինե և Մելինե Ղազարյանների ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջել է հաստատության տարածքով, ծանոթացել իրականացվող ծրագրերին և նորարար տեխնոլոգիաներով հագեցած առցանց դասընթացներին:
Զարեհ Սինանյանը ողջունել է «M.A.M»-ի գործունեությունը՝ կարևորելով սփյուռքում հայերենի, պատմության և մշակույթի պահպանմանն ուղղված շարժման ջանքերը:
«Կարևոր է, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն այսօր հնարավորություն ունեն առցանց սովորելու հայոց լեզուն՝ պահպանելով իրենց ինքնությունն ու կապը հայրենիքի հետ»,- նշել է Զարեհ Սինանյանը:
«M.A.M»-ի հիմնադիրներն իրենց հերթին կարևորել են գրասենյակի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև պատրաստակամություն հայտել աջակցելու սփյուռքի հայկական կրթօջախներին և ուսուցիչներին՝ կիսվելով մայրենիի դասավանդման ժամանակակից մեթոդներով և սեփական փորձով:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված աշխատանքները: