Զարեհ Սինանյանը հանդիպել է հայրենադարձ ընտանիքների հետ
29 Հունվարի 2025
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումն ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Բուլղարիայից, Ուկրաինայից և այլ երկրներից Հայաստան տեղափոխված հայրենադարձ ընտանիքների հետ։
Հանդիպումն անցկացվել է «Tea&Talk» ձևաչափով՝ հնարավորություն ընձեռելով հայրենադարձներին իրենց հուզող հարցերը հղել Գլխավոր հանձնակատարին և քննարկում ունենալ արդի թեմաների շուրջ։
Զարեհ Սինանյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է հայրենադարձության գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերին և կենտրոնի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, ինչպես նաև խոսել հետագա գործունեության մասին։
Մասնակիցներն իրենց հերթին ներկայացրել են հայրենադարձության սեփական պատմություններն ու քննարկել հայրենիքում ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր։