Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը
20 Օգոստոսի 2019
Օգոստոսի 20-ին «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի հետ:
Մեկ ժամից ավելի տևած ջերմ հանդիպման ընթացքում 30 երկրներից ժամանած սփյուռքահայ պատանիները բազմաթիվ հարցեր ուղղեցին Մխիթար Հայրապետյանին, անգամ հրավիրեցին միասին ֆուտբոլ խաղալու: Մասնակիցներին հետաքրքրում էր հատկապես, թե ինչպես է երիտասարդ պատգամավորը հասցնում համակարգել միանգամից 6 ոլորտներ, ինչպե՞ս է բաշխում ժամանակն ու ընտրում առաջնահերթությունները:
«Հե՞շտ է լինել քաղաքական գործիչ, երբ ամեն քայլդ ուշադրության կենտրոնում է»,-հարցրեց մասնակիցներից մեկը: Ըստ Հայրապետյանի՝ քննադատություններ և սխալներ լինում են, սակայն ամենակարևորը սխալներին ուղիղ նայելն ու հետևություններ անելն է: Այնուհետև զրույց ծավալվեց ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, սփյուռքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու, հայրենիքում կրթական հնարավորությունների ու մարզերի զարգացման շուրջ:
«Իմ երազած հայկական սփյուռքը ինքնությունը պահպանող, սակայն միևնույն ժամանակ բնակության երկրների հասարակություններին ինտեգրված սփյուռքն է»,-նշեց Հայրապետյանն ու հավելեց՝ դեռ գիտական խորը ուսումնասիրությունների ու հետազոտությունների կարիք կա հասկանալու համար, թե որ համայնքի հետ ինչպիսի աշխատանք պիտի տարվի:
Երիտասարդական մթնոլորտում մասնակիցները խոսեցին նաև երազանքների և դրանց հասնելու ուղիների մասին: «Հեղափոխությունը ցույց տվեց, որ կարող ես լինել սկզբունքային և ներդաշնակ ինքդ քեզ հետ և դառնալ որոշում կայացնող»,-նշեց Մխիթար Հայրապետյանն ու ներկայացրեց երազանքների իրագործման իր ճանապարհը: Նա երիտասարդներին հորդորեց ամեն օր սովորել, ինքնազարգանալ, կարդալ, գիտակցել սխալներն ու աճել: