Օգոստոսի 5-7-ը կանցկացվի Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը

11 Մարտի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2025 թվականի օգոստոսի 5-7-ը կանցկացնի Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։

Երևանը կհյուրընկալի 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդի 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց կմիանան նաև 200 մասնակիցներ Հայաստանից։

Համաժողովը միտված է համահայկական երիտասարդական օրակարգի առանցքային հարցերի քննարկմանը, սփյուռքի և Հայաստանի երիտասարդական շրջանակների միջև ցանցային աշխատանքի ընդլայնմանը, հայրենիքում սփյուռքի երիտասարդների ներուժի ներգրավմանն ու երիտասարդների դերի մեծացմանը Հայաստան-սփյուռք համագործակցության շրջանակներում։

Եռօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, ինտերակտիվ աշխատաժողովներ, դասախոսություններ, աշխատաժողովներ, նարատիվների թեմայով կլոր-սեղան քննարկումներ, համայնքային կապերի ամրապնդմանն ուղղված հանդիպումներ, մարաթոններ և մշակութային միջոցառումներ։

Ներկայումս մեկնարկել են համաժողովի խորհրդատվական մարմինների աշխատանքները՝ միտված համաժողովի օրակարգի մշակմանը։

Համաժողովի մասնակցության դիմում-հայտերի ընդունումը կմեկնարկի առաջիկայում։ Հետևե՛ք սոցիալական ցանցերի մեր էջերին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։

Ազգային երիտասարդական առաջին համաժողովն անցկացվել է 2023 թվականի օգոստոսի 1-3-ը Երևանում՝ համախմբելով սփյուռքից և Հայաստանից ավելի քան 650 երիտասարդի։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office