Զարեհ Սինանյանն ընդունել է GreenRock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինային
14 Մարտի 2025
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 14-ին ընդունել է GreenRock-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի գլխավորած պատվիրակությանը։
Տնօրենը Զարեհ Սինանյանին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ նախաձեռնությունները, որոնք միտված են կրթական, տուրիստական և այլ ենթակառուցվածքների զարգացմանը՝ Դիլիջանում։
Գլխավոր հանձնակատարը ողջունել է կազմակերպության կողմից ներկայացված՝ Դիլիջանում միջազգային հյուրընկալության դպրոցի հիմնադրման նախագիծը՝ ընդգծելով բարձրակարգ կրթական հաստատությունների կարևորությունը Հայաստանում, հատկապես հյուրընկալության ոլորտում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սփյուռքի բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, միջազգային հարթակներում Դիլիջանի՝ որպես տուրիստական կենտրոն ներկայացվածության, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կազմակերպության հետ համագործակցության հնարավորությունները։