Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ
10 Ապրիլի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ապրիլի 4-ից 7-ը աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Լոս Անջելեսում Զարեհ Սինանյանը մասնակցել է USC Dornsife-ի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» («Armenian Society of Fellows») հիմնադրամի կողմից կազմակերպված «Գիտության և տեխնոլոգիաների առաջնագծում. Կալիֆոռնիան և Հայաստանը միասին» խորագրով համաժողովին։
Համաժողովի բացման խոսքով հանդես են եկել USC Dornsife-ի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Շուշան Կարապետյանը և Կալիֆոռնիայի նահանգի նախկին սենատոր Էնթոնի Պորտանտինոն։
Միջոցառմանը մասնակցել են նաև մի շարք անվանի հայ գիտնականներ՝ Սթենֆորդի համալսարանից, Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական ինստիտուտից և Հարվի Մադ Քոլեջից։
Համաժողովի ընթացքում բանախոսները կարևորել են Կալիֆոռնիայի հայ համայնքի և Հայաստանի միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև անդրադարձել համալսարանների՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու գործում ունեցած դերին։
Քննարկվել են Կալիֆոռնիա–Հայաստան համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիաների զարգացման համատեքստում։
Համաժողովի ավարտին Զարեհ Սինանյանը մասնակցել է դռնփակ հանդիպման, որի ընթացքում քննարկվել են ապագա հնարավոր նախագծերն ու դրանց տեսլականները, ինչպես նաև Հայաստանում և Կալիֆոռնիայում գործող գիտնականների միջև առկա խոչընդոտների հաղթահարման ու փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները։
Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է Կալիֆոռնիա–Հայաստան համագործակցության համաձայնագրի շրջանակում երկկողմ փոխգործակցության խորացման, ինչպես նաև 2025 թվականի հունվարին ստորագրված ԱՄՆ–Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը՝ որպես ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման հենք։