Զարեհ Սինանյանը հանդիպել է «Պրիմավերա Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
15 Ապրիլի 2025
Ապրիլի 11-ին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Պրիմավերա Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավոր ուղիներն ու հիմնադրամի ընթացիկ և ապագա նախաձեռնությունները, որոնք միտված են համաշխարհային ասպարեզում Հայաստանի մշակութային ներկայության ամրապնդմանը։
Հանդիպմանը ներկա էին «Պրիմավերա Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան և առաջխաղացման մենեջեր Միլենա Մանուկյանը։
«Պրիմավերա Հայաստան»-ը Երևանում գործող բարեգործական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կամուրջների կառուցմանը։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին կատարած աշխատանքի համար և կարևորել է այն նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն սփյուռքի ներուժի ներգրավմամբ խթանել Հայաստանի մշակութային ներկայությունը։
Նա ընդգծել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ամրապնդում են Հայաստանի և սփյուռքի միջև կապերը, այլև նպաստում են Հայաստանի՝ որպես մշակութային զբոսաշրջության գրավիչ և դինամիկ ուղղության, դերի բարձրացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց փոխադարձ պատրաստակամությունը՝ միավորելու ջանքերը Հայաստանի մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և հանրահռչակելու ուղղությամբ։