Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Բուլղարիա
16 Ապրիլի 2025
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բուլղարիայի Հանրապետությունում։
Ապրիլի 15-ին գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի և միության անդամների հետ, Եվրոպայի Հայ Ավետարանական եկեղեցիների ընկերակցության քարտուղար Պատվելի Ներսես Կետիկյանի ,Բուլղարիայի Հայ Առաքելական եկեղեցու խորհրդի անդամների հետ, որին հաջորդել է Վառնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացմանը, Բուլղարիայում ապրող հայերի միասնականությանը, պետություն-Սփյուռք փոխհարաբերություններին վերաբերող հարցեր։
Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է Սփյուռքում և Հայաստանում բնակվող հայերի՝ անկախ որևէ թեմայով այլակարծիք լինելու հանգամանքին, ի շահ հայրենիքի և հայապահպանության՝ համախմբվածության կարևորությունն ու անհրաժեշտությունը։
Հատուկ անդրադարձ է կատարվել երիտասարդների շրջանում հայ ինքնության պահպանման, ինչպես նաև Հայաստանի հետ շարունակական կապի ապահովման և խթանման ուղղություններին։
Գլխավոր հանձնակատարը համայնքին է ներկայացրել Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը և պատասխանել ներկաներին հուզող հարցերին՝ հայրենադարձության և Հայաստանի հետ կապերի զարգացման մասին։
Վառնա այցի շրջանակում Զարեհ Սինանյանը նաև այցելել է Զորավար Անդրանիկի պատմական տունը, որտեղ Բուլղարիայի հայերի միությունը նախատեսում է կառուցել անվանի գործչի անունով տուն-թանգարան։
Գլխավոր հանձնակատարը Վառնա կատարած այցի շրջանակում նաև այցելել և հարգանքի տուրք է մատուցել Վառնայում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։