Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Եվրահայկական խաղերի 25-րդ հոբելյանական միջոցառմանը
22 Ապրիլի 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-20-ը գտնվել է Սոֆիայում, որտեղ մասնակցել է Եվրահայկական խաղերի 25-րդ հոբելյանական միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Ապրիլի 19-ին Զարեհ Սինանյանը բացման խոսքով հանդես է եկել խաղերի պաշտոնական բացման արարողությանը՝ ընդգծելով այս նախաձեռնության դերը սփյուռքյան համահայկական միասնության ամրապնդման գործում։
«Եվրահայկական խաղերը, բացի իրենց սպորտային կարևորությունից, հանդիսանում են սփյուռքյան համայնքների համախմբման, փոխկապակցության և հայրենակցական զգացումների խորացման յուրահատուկ հարթակ, որն ունի մեծ նշանակություն նաև հայ ինքնության պահպանման և սերունդների համախմբման առումով», – նշել է Զարեհ Սինանյանն իր ելույթում։
Այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սոֆիայի ՀԲԸՄ պատվավոր նախագահ Սոնյա Ավակյան-Բեդրոսյանի, ՀԲԸՄ Սոֆիայի ատենապետ Վելիզար Ագոպյանի, Եվրահայկական խաղերի գործադիր խորհրդի ատենապետ, Ավստրիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Սեպուհ Բաղդոյանի և Եվրահայկական խաղերի գործադիր խորհրդի փոխատենապետ Հերմինե Դուզյանի հետ։
Զարեհ Սինանյանը նաև այցելել է Սոֆիայի Հայ ազգային տուն, որտեղ հանդիպել է Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախագահ, «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանի հետ։
Ապրիլի 20-ին գլխավոր հանձնակատարը Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների և խաղերի մասնակիցների ուղեկցությամբ այցելել է Սուրբ Աստվածածին Հայ առաքելական եկեղեցի և մասնակցել Սուրբ Զատիկի պատարագին։