ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ
24 Ապրիլի 2025
Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
110 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված դաժանագույն ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը, անջնջելի հետք թողեց մեր ազգի ճակատագրի և կերտվող ապագայի վրա։
Աշխարհասփյուռ հայության մեծ մասն ու բազմաթիվ հայ համայնքներ, ինչպես հայտնի է, ձևավորվել են հենց 1915 թվականից հետո։
Ենթարկվելով զանգվածային կոտորածների, կրելով անմարդկային տառապանքներ և անդառնալի կորուստներ՝ մենք, սակայն, վերածեցինք այդ ողբերգությունը հանձնառության՝ որտեղ էլ որ լինենք, պահպանելու մեր ինքնությունը, լեզուն, հավատքը և մշակույթը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր նպատակը հստակ և պարտավորեցնող է՝ կառուցել այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները. անկախ, ինքնիշխան, անվտանգ և զարգացող հայրենիք, որտեղ օրենքը բարձրագույն արժեք է, մարդիկ՝ արժանապատիվ, իսկ երեխաները՝ պաշտպանված։ Եվ ամենակարևորը՝ սա լոկ խոսքեր չեն, այլ ամենօրյա աշխատանք, որը միտված է ապահովելու յուրաքանչյուրի կրթական, առողջապահական և սոցիալ-տնտեսական ամուր ներկան ու ապագան։
Մեր ջանքերը՝ անկախ մեր բնակության վայրից, քաղաքական հայացքներից կամ այլակարծություններից, պետք է միավորված լինեն պետականության պահպանման և հայրենիքի հզորացման շուրջ։
Միայն համազգային միասնությամբ և հայաստանակենտրոն տեսլականով կարող ենք վերափոխել մեր ցավը՝ ապագա կերտող ուժի։
Հայ մնալու պայքարը, հայոց պետականության պահպանման մեր ջանքերը և հայ սերունդներ դաստիարակելու մեր հանձնառությունը մեր հարգանքի ամենաարժանավայել դրսևորումներն են։
Այս գաղափարի շուրջ մեր շարունակական ու միասնական ջանքերն են, որ չեն թույլ տա այլևս կրկնել անցյալի արհավիրքները։
Թող հիշողությունը դառնա առաջնորդող լույս՝ հանուն ամուր և միավորված ազգի ու պետության։
Խոնարհումս մեր նահատակներին։
Ուժ և միասնություն մեր ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքի յուրաքանչյուր անկյունում։
Զարեհ Սինանյան
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
