Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Իսպանիա

23 Ապրիլի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորությունում։

Զարեհ Սինանյանն ապրիլի 22-ին Բարսելոնայում հանդիպել է՝ Բարսելոնայի «Հայք» միության նախագահ Հայկ Եղիազարյանի, Հայ մշակութային միության ատենապետ Տաթև Սուլեանի և Սանտա Կոլոմայի «Արարատ» հայկական միության ղեկավար Սարգիս Հակոբյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իսպանիայի հայ համայնքի հետ համագործակցության զարգացման հեռանկարները, համայնքների ակտիվացմանն ուղղված քայլերը և սփյուռքահայ կառույցների ներգրավվածությունը հայրենանպաստ ծրագրերում։

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը այցելել է Բարսելոնայի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետարանի Քաղաքացիների հետ հարաբերությունների, մշակութային և կրոնական բազմազանության հարցերով հանձնակատար Սառա Բալբեիդա Բեդուիի (Sara Belbeida Bedoui) հետ։

Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է հայ-իսպանական երկխոսության ակտիվացումը և բազմաբնույթ համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Բարսելոնայի հայկական համայնքը ամենամեծն է Իսպանիայում և ծառայում է որպես յուրօրինակ կամուրջ՝ միավորելով Հայաստանն ու Իսպանիան, մասնավորապես՝ Երևանն ու Բարսելոնան։

Գլխավոր հանձնակատարը նշել է, որ այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում հայերն ու նրանց բարեկամ ժողովուրդները հարգանքի տուրք են մատուցում Օսմանյան Կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա շնորհակալություն է հայտնել Բարսելոնայի քաղաքապետարանին և քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Նույն օրը Զարեհ Սինանյանը այցելել է Բարսելոնայի Հայ տուն, որտեղ հանդիպել է հայ երիտասարդների և համայնքային ակտիվիստների հետ։

Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, մասնավորապես՝ 2025 թվականի օգոստոսի 5-7-ը նախատեսվող Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը։

Նա նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին՝ ընդգծելով սփյուռքի հետ կառուցողական երկխոսության և համագործակցության կարևորությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office