Ֆրանսիայի Լաքսու քաղաքում, Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը
28 Ապրիլի 2025
Ապրիլի 27-ին, Ֆրանսիայի Լաքսու քաղաքում, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Լաքսուի այգում տեղադրված հայկական խաչքարի մոտ անցկացված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում գլխավոր հանձնակատարը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով արդարության հաստատման համար շարունակական պայքարի և պատմական իրողությունների սերունդներին փոխանցման նշանակությունը։
Հիշատակի միջոցառմանը մասնակցել են Մորթ-է-Մոզելի դեպարտամենտի նախագահ Շեյնես Կիրունին, պատգամավորներ Էսթել Մերսիեն և Ստեֆան Աբլոն, Նանսիի քաղաքապետ Մաթիո Քլանը, Գրանդ Էսթ տարածաշրջանի խորհրդի նախագահի ներկայացուցիչ Դոմինիկ Ռենոն, Նանսիի ռազմական նահանգապետ կապիտան Առնո Նուարոն, «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի նախագահ Անդրե Ներսիեն, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչ։
Հայ ժողովրդին սատարելու և պատմական հիշողությունը հավերժացնելու նպատակով Լաքսուի քաղաքապետ Լորան Գարսիան հայտարարել է այգին «Հայաստանի պարտեզ» անվանակոչելու մասին։
Պաշտոնական ցուցանակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Լաքսուի քաղաքապետ Լորան Գարսիան, Վալ դը Բրիեի ենթապրեֆեկտ և Մորթ-է-Մոզելի պրեֆեկտի ներկայացուցիչ Էլեն Ժերոնիմին, Սփյուռքի գործերի հանձնակատար Անդրե Ներսիեն, ինչպես նաև «Արև» ասոցիացիայի նախագահ Դանիել Քրաշմանյանը։
Միջոցառման ավարտին Զարեհ Սինանյանը և Էլեն Ժերոնիմին ծաղկեպսակ են դրել հայկական խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նույն օրը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մեկնել է Նանսի, որտեղ մասնակցել է «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հայ ժողովուրդը. երեկ և այսօր» խորագրով գիտաժողովի երկրորդ նիստին։
Գիտաժողովի ընթացքում Զարեհ Սինանյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով սփյուռքի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հայ ինքնության պահպանման և Հայաստանի հետ կապերի խորացման կարևորությանը։
Գիտաժողովի ավարտին հանդիսատեսը վայելել է սոպրանո Վարդուհի Թորոյանի և դաշնակահարուհի Սոնյա Կարապետյանի երաժշտական կատարումները։