Զարեհ Սինանյանը Նանսիում հանդիպել է Մորտ-է-Մոզելի պրեֆեկտ Ֆրանսուազ Սուլիմանի հետ
29 Ապրիլի 2025
Ապրիլի 28-ին Ֆրանսիայի Լաքսու քաղաքում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Լաքսուի քաղաքապետ Լորան Գարսիայի և Սփյուռքի գործերի հանձնակատար Անդրե Ներսիեի ուղեկցությամբ, այցելել է «Հիշողության քարտեզ» ցուցահանդեսը։
Գլխավոր հանձնակատարը շրջել է ցուցահանդեսային սրահում, ծանոթացել Հայաստանի, ինչպես նաև Գրանդ Էսթ տարածաշրջանի հայ և ֆրանսիացի արվեստագետների ստեղծագործություններին։
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Լորան Գարսիային՝ հայ համայնքի և հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի, տարբեր նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Լաքսուի քաղաքային այգին «Հայաստանի պարտեզ» անվանակոչելու որոշման համար։
Գլխավոր հանձնակատարը կարևորել է հայ-ֆրանսիական երկխոսության ամրապնդման նշանակությունը և հրավիրել քաղաքապետ Գարսիային այցելելու Հայաստան՝ համագործակցությունն ընդլայնելու և բարեկամական հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով։
Այնուհետև Զարեհ Սինանյանը Նանսիում հանդիպել է Մորտ-է-Մոզելի պրեֆեկտ Ֆրանսուազ Սուլիմանի հետ։
Հանդիպման ընթացքում նա բարձր է գնահատել տարածաշրջանի իշխանությունների աջակցությունը տեղի հայկական համայնքներին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման համատեքստում:
Գլխավոր հանձնակատարը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացմանն ուղղված համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։ Նա առանձնահատուկ ընդգծել է Մորտ-է-Մոզելի հայկական համայնքի ակտիվ մասնակցությունն ու կարևոր դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործընթացում։
Նշելով ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը, գլխավոր հանձնակատարը շեշտել է մշակութային, կրթական, տնտեսական և գիտատեխնիկական ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է օժանդակել նման նախաձեռնություններին: