Զարեհ Սինանյանը հանդիպել է Բեռլինի Պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հետ
05 Մայիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 2-ին հանդիպել է Գերմանական Բունդեսթագի նախկին պատգամավոր, ներկայում Բեռլինի Պատգամավորական տան անդամ պրոֆ. դր. Մարտին Պետցոլդի հետ։
Մարտին Պետցոլդը գերմանահայ քաղաքական գործիչ է՝ ծնված գերմանացու և հայուհու ընտանիքում։
Պետցոլդը երկար տարիներ եղել է «Գերմանա-հայկական մշակութային օրեր» փառատոնի հովանավորը։ Նրա աջակցությամբ Բեռլինում տրամադրվել է տարածք՝ հայերեն լեզվի, երգի, պարի և հայագիտական դասընթացներ կազմակերպելու համար։ Պետցոլդը նաև դիմել է Բեռլինի Ներկայացուցիչների պալատի կրթության մշտական հանձնաժողով՝ առաջարկելով հայերենը ներառել որպես երկրորդ օտար լեզու Բեռլինի հանրակրթական դպրոցներում։ 2024 թ. Մարտին Պետցոլդի միջնորդական բանակցությունների արդյունքում «Eurowings» ավիաընկերության հետ բացվել են Երևան–Բեռլին–Երևան ուղղությամբ իրականացվող չվերթները։
Մարտին Պետցոլդի հայանպաստ գործունեության առանձնակի ձեռքբերումներից է Գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման ընթացքում թեմայի շուրջ խորհրդարանական կուսակցությունների տարբեր ֆրակցիաների միջև համերաշխություն հաստատելը, ինչը հանգեցրեց Ճեմ Օյզդեմիրի (Կանաչների միություն կուսակցություն) կողմից առաջարկված տեքստի գրեթե միաձայն ընդունմանը։
Գլխավոր հանձնակատարը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել հերթական Հայաստան այցելության համար, ինչպես նաև բարձր է գնահատել նրա շարունակական ջանքերը՝ նպաստելու հայ–գերմանական հարաբերությունների խորացմանն ու Հայաստանի զարգացմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարտին Պետցոլդը Զարեհ Սինանյանին է ներկայացրել իր կուսակցության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչ ուղղություններով կարող են նպաստել Հայաստան–Գերմանիա երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունները, ինչպես նաև Բեռլինի Լիխտենբերգ շրջանի և Երևանի Կենտրոն համայնքի միջև գործընկերություն հաստատելու վերաբերյալ առաջիկա հարցերը։
Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկվել է Բեռլինում տնտեսական բիզնես ֆորումի անցկացման հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքներ այդ ուղղությամբ։
Հանդիպման վերջում Զարեհ Սինանյանն ընդգծել է Հայաստան–Գերմանիա հարաբերությունների շարունակական կարևորությունը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ լիազորությունների շրջանակում ամեն կերպ օժանդակելու այս գործընթացին։