Զարեհ Սինանյանը մասնակցել է Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերին
17 Մայիսի 2025
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։
Մայիսի 17-ին Բեռլինում Զարեհ Սինանյանը մասնակցել է Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերի շրջանակում կազմակերպված գեղարվեստի ցուցահանդեսին և «Նաիրյան» վոկալ անսամբլի համերգին, որտեղ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։
Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել հայ-գերմանական շարունակաբար զարգացող հարաբերությունները և ընդգծել երկու ժողովուրդների միջև կապերի սերտացման հարցում Սփյուռքի կարևոր դերակատարությունը։
«Արդեն տաս տարի շարունակ կազմակերպվող Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերը հանդիսանում են կարևոր հարթակ՝ հայ և գերմանացի ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը խթանելու, երկկողմ կապերն ամրապնդելու, միմյանց ավելի լավ ճանաչելու և բարեկամության կամուրջներ կառուցելու համար», – նշել է Զարեհ Սինանյանը։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և Գերմանիայի կառավարությանը՝ տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության և նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար։
Եզրափակելով խոսքը՝ Գլխավոր հանձնակատարը միջոցառմանը մաղթել է հաջող ընթացք և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական՝ դառնալով երկու երկրների և ժողովուրդների միջև երկխոսության, համագործակցության և բարեկամության նոր հորիզոններ կառուցող կարևոր հարթակ։
Բեռլինի Գերմանահայկական մշակութային օրերի հանդիսավոր երեկոյին ուղերձներով հանդես են եկել նաև Բեռլինի պատգամավորական տան անդամ, պրոֆեսոր, դոկտոր Մարտին Պետցոլդը, ինչպես նաև Բեռլինի Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիայի վարչության առաջին նախագահ Միքայել Մինասյանը։
Երեկոյի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շփումներ է ունեցել Բեռլինի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ, քննարկել Գերմանիայի հայ համայնքին վերաբերող հարցերի լայն շրջանակ։