Զարեհ Սինանյանը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպել է հայ երիտասարդների հետ
19 Մայիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 18-ին Բեռլինում՝ ՀՀ դեսպանատանը, հանդիպել է հայ երիտասարդների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Գլխավոր հանձնակատարը հանդիպման ընթացքում ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, դրանցում ներգրավվելու պայմանները և պատասխանել երիտասարդների հարցերին։
Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է Գերմանիայում բնակվող հայ երիտասարդների մասնակցությունն այս տարվա օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին և հրավիրել նրանց Հայաստան։
Նույն օրը Գլխավոր հանձնակատարը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ այցելել է Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գտնվող գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, որի գործունեությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը և 1900-ական թվականներին Գերմանիայում ձևավորված հայանպաստ մարդասիրական շարժման պատմությանը։
Զարեհ Սինանյանը և դեսպանը՝ գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել տուն-թանգարանում և ծանոթացել իրականացվող գործունեությանը։