Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

22 Մայիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։

Մայիսի 21-ին Նիցցայում, Ֆրանսիայում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանի ուղեկցությամբ, Զարեհ Սինանյանն այցելել է Նիցցայի Պարսամյան վարժարան, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի երիտասարդների հետ։

Հանդիպման ընթացքում գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա միջոցառումները, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին։

Երիտասարդները հետաքրքրվել են ծրագրերին մասնակցության պայմաններով, այդ թվում՝ հայրենադարձության և ինտեգրման փորձառություններով, ինչպես նաև այս տարվա օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովով։

Նույն օրը Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Արվեստի և մշակույթի ֆրանս-հայկական կենտրոնի միջազգային հարցերով համակարգող, «Պարսամյան» վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստան–Սփյուռք համագործակցության հնարավորությունները։

Կիրկոր Աժդերհանյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է Համաշխարհային հայկական արվեստի և մշակույթի փառատոն անցկացնելու վերաբերյալ կենտրոնի նախագիծը։

Կողմերը քննարկել են հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը, դրա շուրջ Սփյուռքի ներուժի միավորմանը, ինչպես նաև փառատոնի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office