Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

24 Մայիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 23-ին Մոնպելյեում հանդիպել է միջերկրածովյան մետրոպոլի նախագահ և քաղաքապետ Միշել Դելաֆոսի հետ։

Զրուցակիցները, ողջունելով միմյանց, երկուստեք ընդգծել են հայ–ֆրանսիական ամուր հարաբերությունները, որոնք հիմնված են դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։

Քննարկվել է Հայաստան–Մոնպելյե համագործակցությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում։

«Մոնպելյեն հայտնի է Ֆրանսիայում կիբերանվտանգության, նորագույն տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում ձևավորված ամենահաջողված կազմակերպություններով, և մենք մեծ ներուժ ենք տեսնում այս ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության համար», – նշել է քաղաքապետը։

Միշել Դելաֆոսը՝ Մոնպելյեի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման համատեքստում, բարձր է գնահատել Մոնպելյեի փաստաբանների պալատի և պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի դերը, որի անդամներ են հայ իրավաբաններ՝ Սփյուռքի երիտասարդ դեսպան Գոհար Գալստյանը և Նաիրա Զորոյանը։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ջերմ ընդունելության, տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար։

«Ֆրանսիայի հետ հարաբերություններն անչափ կարևոր են Հայաստանի համար։ Ֆրանսիան ՀՀ-ի կարևոր դաշնակիցն է, և ուրախությամբ պետք է փաստեմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում։ Սա հիմնված է ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա, որն այս պահին ամբողջ աշխարհում վտանգված է», – նշել է Զարեհ Սինանյանը և վերահաստատել իր պատրաստակամությունն ամեն կերպ աջակցել նշված ոլորտներում համագործակցության հաստատմանն ու հաջող իրականացմանը։

Քաղաքապետի հետ հանդիպմանը հաջորդել է աշխատանքային ճաշ՝ Մոնպելյեի փաստաբանների պալատի նախագահ Պիեր Լաֆոնի և պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ամին Ֆարայի գլխավորած պատվիրակության հետ, որտեղ ընդլայնված կազմով շարունակվել են համագործակցության շուրջ քննարկումները։

2026 թվականին նախատեսվում է Մոնպելյեի քաղաքապետարանի, փաստաբանների պալատի և պալատին կից գործող Մարդու իրավունքների ինստիտուտի պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ համապատասխան գերատեսչությունների հետ քննարկելու տնտեսության տարբեր ուղղություններով Հայաստան-Մոնպելյե համագործակցության հնարավորություններն ու հետագա գործողությունները։

Նույն օրը գլխավոր հանձնակատարը այցելել է Մոնպելյեի Հայ Տուն և հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Զարեհ Սինանյանը ներկայացրել է Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա միջոցառումները, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։

Հանդիպմանը մասնակցել է նաև բանասեր, պատմաբան, դոկտոր-պրոֆեսոր Ժիրայր Դեդեյանը, ով 1969 թվականից դասավանդում է Մոնպելյեի Պոլ Վալերի համալսարանում և հանդիսանում է Մոնպելյեի Գիտության և Գրականության ակադեմիայի անդամ։ Դեդեյանը մեծ ներդրում է ունեցել Մոնպելյեի հայ համայնքի կյանքում, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ տարվող հայապահպան նախաձեռնությունների խթանման գործում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office