Մեկնարկել է «ՆերՈւժ» սփյուռքահայերի սթարթափ ծրագրի հայտերի ընդունումը
01 Հոկրեմբերի 2019
ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համատեղ մեկնարկում են «ՆերՈւժ 2» սփյուռքահայերի ինտերակտիվ սթարթափ ծրագիրը: Այն նախատեսված է հայկական ծագում ունեցող ձեռնարկատերերի համար՝ զարգացնելու իրենց ձեռնարկությունները, միևնույն ժամանակ հարստացնելու գիտելիքների պահուստը, ընդլայնելու գործընկերային կապերը և ստանալու պետական ֆինանսավորում: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել հարթակ և տալ հնարավորություն սփյուռքի նորաստեղծ ընկերություններին իրենց սթարթափերը Հայաստան բերելու, գործունեություն ծավալելու և երկրում սթարթափերի էկոհամակարգը բարելավելու համար:
Ծրագիրը կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2019 թվականի դեկտեմբերի 16-ից 20-ը: Ծրագրին դիմել ցանկացողները կարող են այցելել neruzh.am կայք և «դիմել» կոճակի միջոցով լրացնել հայտը:
Քառօրյա միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի սթարթափ էկոհամակարգը և Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները, տեղական գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, կստեղծվի ընդհանուր հարթակ հայրենադարձ գործարարների համար՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով և այլն:
Հաղթող թիմերը կհրավիրվեն Հայաստան՝ հայրենադարձվելու և ստանալու 15-ից 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ, ինչպես նաև կստանան ձեռնարկատիրական աջակցություն՝ Հայաստանում իրենց ձեռնարկությունները զարգացնելու նպատակով:
Այս տարի «ՆերՈւժ»-ի թիրախային ոլորտներն են ֆինանսական, սոցիալական, կառավարման, կրթական, շարժական, ինտերնետային, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, առողջապահությունը, ռոբոտաշինությունը, ինժեներական արվեստը և այլն:
Ծրագրի գործընկերներն են FAST և IDeA հիմնադրամները, UWC Դիլիջան քոլեջը և այլն: