Զարեհ Սինանյանը Մարսելում մասնակցել է JAF-ի հիմնադրման 80-ամյակին
26 Մայիսի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 25-ին Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոց և Մշակույթի կենտրոն և հանդիպել հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Խուրշուդյանի, դպրոցի ղեկավար կազմի, ինչպես նաև «Սահակ Մեսրոպ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Մշակույթի կենտրոնի ղեկավար և Ֆրանս-հայկական արվեստի և մշակույթի կենտրոնի խորհրդի անդամ Գարիկ Քյուրքչյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են դպրոցի գործունեությունը, ապագա ծրագրերն ու առկա խնդիրները, համայնքի կրթամշակութային նախաձեռնությունները, ինչպես նաև սերտ համագործակցության հեռանկարները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։
Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել համայնքի հայ երիտասարդների հետ «Սահակ Մեսրոպ» մշակույթի կենտրոնում։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի գործունեությունը, երիտասարդությանն ուղղված ծրագրերն ու համագործակցության հնարավորությունները։
Հատուկ անդրադարձ է կատարվել օգոստոսի 5-7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական համաժողովին, որի շրջանակում Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ներկայությունն ու ներգրավվածությունը՝ ընդգծելով նման հարթակների դերը համահայկական կապերի ամրապնդման գործում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Անդրե Ներսիեն, ինչպես նաև Սփյուռքի երիտասարդ դեսպաններ Լուիզա Հակոբյանը և Տիգրան Եղիազարյանը։
Նույն օրը Զարեհ Սինանյանը մասնակցել է Ֆրանսիայի Հայ Երիտասարդներ (JAF – Jeunesse Arménienne de France) մշակութային միության հիմնադրման 80-ամյակին նվիրված երկրորդ տոնական համերգին, որտեղ հանդես է եկել ելույթով։
Միջոցառմանը պարային ներկայացմամբ հանդես է եկել Հայաստանի «Բարեկամություն» պարի պետական անսամբլը, գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանի գլխավորությամբ, որոնք Ֆրանսիա էին հրավիրվել միջոցառման առիթով։
Երեկոյին ներկա են գտնվել նաև ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը, JAF Marseille Մշակութային միության գեղարվեստական ղեկավար Պասկալ Շամասյանը և այլք։
Հոբելյանական համերգների շարքը կամփոփվի հուլիսի 31-ին Երևանում, որտեղ ԺԱՖ-ի «Արաքս» պարախումբը Հայաստանի «Բարեկամություն» անսամբլի հետ հանդես կգա համատեղ ելույթով՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։