Տեղի ունեցավ Սրտաբանության Եվրակովկասյան համաժողովի բացումը
25 Հոկրեմբերի 2019
Հոկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն Հայաստան Ֆրանսիա» կազմակերպության Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովի բացումը, որն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Առողջապահության նախարարության աջակցությամբ: Հայաստանը, Արցախը և սփյուռքը ներկայացնող շուրջ 380 սրտաբաններ, բուժաշխատողներ, առողջապահության ոլորտի մասնագետներ 2 օր շարունակ քննարկելու են սրտաբանության և դրան հարակից ոլորտներին առնչվող կարևոր հարցեր, ներկայացնելու են նորարարությունները, իրականացնելու են փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով աջակցել մեր երկրում սրտաբանության ոլորտի զարգացմանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը փոխանցեց գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը: «Այս համաժողովն ու մասնագիտական սեմինարները լավագույն օրինակներից են, թե ինչպես կարող է սփյուռքն իր ներուժն օգտագործել ի նպաստ Հայաստանի, և մենք միանգամայն ողջունում ենք նման նախաձեռնությունները և ուրախ ենք այս համագործակցության համար»,-նշել էր հանձնակատարը։
Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել էր նաև, որ Սրտաբանության եվրակովկասյան համաժողովը վերածվել է բուժաշխատողների, մասնավորապես սրտաբանների միջև փոխշահավետ կապերի ստեղծման, համագործակցության, ինչպես նաև նոր նախաձեռնությունների իրականացման արդյունավետ հարթակի, և պատահական չէ, որ տարեցտարի այս համաժողովի մասնակիցների թվաքանակն ավելանում է՝ սրտաբանությանը զուգահեռ ներգրավելով նոր հարակից ոլորտներ։
Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության և կառույցի նախագահ Ավետիս Մատիկյանը, հայտնի սրտաբաններ Փոլ Բարրագանը և Ալեք Վահանյանը:
Այսօր համաժողովը կընթանա 4 նիստերով, իսկ վաղը՝ սեմինարներով: