Զարեհ Սինանյանը հանդիպել է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեթրաքյանին

24 Հունիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեթրաքյանին՝ քննարկելու հիմնադրամի առաջիկա ծրագրերը և համագործակցության հնարավոր ուղիները։

Հանդիպման ընթացքում քննարկվել է սեպտեմբերի 4-ից 11-ը կայանալիք «Սարոյանական շաբաթ» մեկշաբաթյա միջոցառումների շարքը, որն ուղղված է նշանավոր հայ-ամերիկացի գրող և բանաստեղծ Վիլյամ Սարոյանի կյանքի և ստեղծագործական ժառանգության արժևորմանն ու հանրայնացմանը։ Նախատեսվում է լայնածավալ մշակութային և ստեղծագործական ծրագրերի իրականացում, որոնց նպատակը Սարոյանի տեսլականն ու արժեքները երիտասարդ սերնդին հասանելի դարձնելն է, ինչպես նաև հայ համայնքների միջև մշակութային փոխկապակցվածության ամրապնդումը։

Սքոթ Սեթրաքյանը ներկայացրել է հիմնադրամի առաքելությունն ու ընթացիկ գործունեությունը՝ ընդգծելով Սարոյանի ժառանգության պահպանման և նրա ստեղծագործությունների նոր սերնդին փոխանցելու կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել այն նախաձեռնություններին, որոնք միտված են երիտասարդների ներգրավմանը, մշակութային կրթությանը և համայնքային համագործակցության խթանմանը։

Կողմերը քննարկել են փոխգործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ կրթական ծրագրերի, համատեղ մշակութային նախագծերի իրականացումը և գործընկերային համագործակցության ընդլայնումը սփյուռքի տարբեր համայնքների հետ։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախաձեռնությունների համար և վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու այն ծրագրերին, որոնք միտված են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և հայրենիքի ու սփյուռքի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցության խորացմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office