Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2025 թվականի ամառային փորձնակների ծրագրի մասնակիցներին

01 Հուլիսի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի 2025 թվականի ամառային փորձնակների ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայումս մասնագիտական փորձառություն են անցնում պետական և հասարակական տարբեր կառույցներում Երևանում։

Ամերիկայի հայկական համագումարը (Armenian Assembly of America) հանդիսանում է ԱՄՆ-ում գործող խոշորագույն ոչ կուսակցական ամերիկահայկական շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը։ Հիմնադրվելով 1972 թվականին՝ համագումարը տարիներ շարունակ նպաստել է հայկական հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը, խրախուսել ամերիկահայերի ներգրավվածությունն ԱՄՆ ժողովրդավարական կյանքում և օժանդակել մարդասիրական ու զարգացման ծրագրերին Հայաստանում՝ ամրապնդելով հայ-ամերիկյան կապերը։

Այս տարվա ամառային ծրագիրը մեկնարկել է հունիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 8-ը։ Ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանել վեց մասնակիցներ՝ ԱՄՆ տարբեր նահանգներից և Կանադայից։ Իրենց մասնագիտական փորձառությունը նրանք անցնում են մի շարք պետական գերատեսչություններում և հասարակական կազմակերպություններում՝ նպատակ ունենալով խորացնել գիտելիքները Հայաստանի պետական կառավարման և քաղաքացիական հասարակության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ռազմավարական ծրագրերին և առաջնահերթություններին։ Քննարկման առանցքում եղել են հայրենադարձության քաղաքականության գործիքակազմը, երիտասարդական նախաձեռնությունները, ինչպես նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը Հայաստանի զարգացման գործընթացներում։

Անդրադարձ է կատարվել նաև 2025 թ. օգոստոսին կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին։ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր խթան են Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ առաջնորդների միջև գործնական կապերի ձևավորման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office