Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը

05 Օգոստոսի 2025

Օգոստոսի 5-ին, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացման արարողությունը։

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից երկրորդ անգամ կազմակերպվող երիտասարդական համաժողովին այս տարի մասնակցում են 18-35 տարեկան 800 հայ երիտասարդ՝ ավելի քան 55 երկրից, որից 600-ը Սփյուռքից, և 200-ը՝ ՀՀ-ից։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ողջունելով հյուրերին՝ գլխավոր հանձնակատարը նշել է․

«Այս համաժողովին մենք չենք եկել այստեղ խոսելու մի ապագայի մասին, որտեղ դուք կլինեք։ Մենք եկել ենք խոսելու ներկայի մասին, քանզի մենք ձեզ տեսնում ենք որպես այսօրվա առաջնորդներ։

Այս համաժողովը ձեր մասին է և Հայաստանի Հանրապետության անունից մեր վստահության դրսևորումն է ձեր սերնդի նկատմամբ։

Եվս մեկ անգամ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ Հայաստանի Հանրապետություն, որի կայացման, հզորացման և զարգացման գործում անհրաժեշտ է բոլորիս ակտիվ, գիտակցված և հետևողական ներգրավվածությունը»։

Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև միջազգային և հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office