Ազգային երիտասարդական երկրորդ համաժողով - «Հայաստան-Սփյուռք ռազմավարական համագործակցությունը երիտասարդության ոլորտում»
07 Օգոստոսի 2025
Ազգային երիտասարդական համաժողովի վերջին պանելային քննարկումը նվիրված էր «Հայաստան-Սփյուռք ռազմավարական համագործակցությունը երիտասարդության ոլորտում» թեմային։
Քննարկման բանախոսներն էին համաժողովի խորհրդատվական մարմինների անդամներ՝ Անահիտ Սինանյանը, Արման Գալստյանը, Գևորգ Սարգսյանը և Խավիեր Փոլադյանը, որոնք ներկայացրել են վերջին երեք օրերի քննարկումների արդյունքում մշակված և ձևավորված համագործակցության ճանապարհային քարտեզը։
Քարտեզն ամփոփում էր երիտասարդների մասնակցությամբ ձևավորված գաղափարները, համագործակցության հստակ ուղղություններն ու գործնական քայլերը, որոնք միտված են Հայաստան-Սփյուռք կապերի խորացմանը՝ հատկապես երիտասարդության ներգրավմամբ։
Քննարկման ավարտին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալագրեր է հանձնել սփյուռքի տարբեր համայնքներից ձևավորված խորհրդատվական մարմնի անդամներին՝ նրանց ակտիվ ներգրավվածության և համաժողովի կազմակերպչական փուլում ցուցաբերած աջակցության համար։
Բացի այդ, Զարեհ Սինանյանը հավաստագրեր է տրամադրել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2024-2025 ծրագրի մասնակիցներին՝ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար։