Զարեհ Սինանյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քաղաքականության մշակման ավագ վերլուծաբան Ջոշուա Ռասելի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի հետ
18 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քաղաքականության մշակման ավագ վերլուծաբան Ջոշուա Ռասելի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրերի համաձայնեցված տեքստի նախաստորագրումը։ Կողմերը անդրադարձել են այդ գործընթացի ազդեցությանը սփյուռքի վրա, հետագա քայլերին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես է սփյուռքը ընկալում փաստաթղթի ստորագրումը։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Հայաստանի քաղաքական օրակարգը՝ ընդգծելով սփյուռքի հետ շարունակական համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների և նախաձեռնությունների ճիշտ ընկալման և ներկայացման համար։
Քննարկվել են նաև սփյուռքի համայնքների առկա խնդիրները, մտահոգությունները, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մի շարք հարցեր։
Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունը կհանգեցնի կայուն խաղաղության ողջ տարածաշրջանում և կբացի նոր հնարավորություններ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար։