Հայ արվեստի և մշակույթի համաժողով

22 Սեպտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի հետ համագործակցությամբ, 2025 թվականի նոյեմբերի 20-21-ը կանցկացնի Հայ արվեստի և մշակույթի համաժողովը։

Մեկ վայրում կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած 250 սփյուռքահայ մշակութային գործիչներ, որոնք երկու օր շարունակ կկիսվեն իրենց փորձով, գաղափարներով ու ստեղծագործական մոտեցումներով։

Համաժողովը միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, և ամենակարևորը՝ հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանը և առաջ մղմանը։

Երկօրյա համաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարաբնույթ ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և մի շարք մշակութային միջոցառումներ։

Համաժողովը բացառիկ հարթակ է մասնակիցների համար՝ մասնագիտական կապեր հաստատելու, նոր գործընկերություններ ձևավորելու, և համագործակցության նոր հեռանկարներ բացահայտելու համար:

Համաժողովին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի.

  • արվեստի գործիչներ,
  • մշակութային կառույցների ներկայացուցիչներ,
  • մուլտիմեդիայի մասնագետներ,
  • մեդիայի և մշակութային քաղաքականության ոլորտի մասնագետներ ու պաշտոնյաներ,
  • վերլուծաբաններ և փորձագետներ Հայաստանից ու սփյուռքից,
  • դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Համաժողովի մասնակցության դիմում-հայտերի ընդունումը կմեկնարկի շուտով։

Հետևե՛ք մեր պաշտոնական էջերին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office