Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է «Imagine Armenia» ֆորումին
30 Նոյեմբերի 2019
Ուկրաինա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է «Imagine Armenia» ֆորումին: Ողջունելով Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանից եկած պետական, քաղաքական և հասարակական գործիչներին, տարբեր երկրներից Հայաստան վերադարձած և արդեն իսկ իրենց հաջողության պատմություններով կիսվելու պատրաստ հայերին և ուկրաինացի գործընկերներին՝ հանձնակատարը կարևորել է սփյուռքի տարբեր համայնքներում նման հավաքների իրականացումը: «Թույլ տվեք նշել, որ նմանատիպ հարթակները հրաշալի հնարավորություն են ընձեռում մեզ և սփյուռքի տարբեր համայնքներում ապրող մեր հայրենակիցներին խոսելու հայրենիք-սփյուռք գործակցության, համայնքի և հայրենիքի միջև կապի ամրապնդման հետագա հնարավորությունների, հայրենադարձության և այլ օրակարգային հարցերի մասին»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը: Նա կարևորել է նաև, որ Ուկրաինայի հայ համայնքը սփյուռքում իր մեծությամբ 4-րդն է ու ֆիզիկապես բավականին մոտ հայրենիքին, և Հայաստանն էլ իր հերթին Ուկրաինան համարում է բարեկամական երկիր:
Բացման խոսքով հանդես են եկել նաև Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, «Հայկական նախաձեռնություն» հիմնադրամի ղեկավար Հայկ Աղվանյանը:
Բացման խոսքից զատ՝ Գլխավոր հանձնակատարը հանդես է եկել նաև առանձին ելույթով, որի ընթացքում հանգամանալից խոսել է Հայաստան-սփյուռք գործակցության քաղաքականության ուղենիշների, ուժեղ Հայաստան-ուժեղ սփյուռք բանաձևի, ամուր պետականության կարևորության, սփյուռքում առկա մարտահրավերների, հայրենադարձության կարևորության և հնարավորությունների, համապատասխան օրենքի նախագծի մշակման ընթացքի մասին: «Կարևոր է, որ սփյուռքում ճիշտ պատկերացնեն Հայաստանը: Իրական Հայաստանը, որը նրանք տեսնում են, իրենց պատկերացրածից վատը չէ, այն հաճախ պարզապես տարբեր է: Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը պետք է տեղի ունենա հոգեբանական հայրենադարձություն: Ապրել Հայաստանով նախևառաջ նշանակում է հետաքրքրվել Հայաստանի կյանքով, փորձել մասնակից դառնալ: Ֆիզիկական հայրենադարձությունն այս ճանապարհի վերջին քայլն է»,-ընդգծել է Հայաստան-սփյուռք կապերի պատասխանատուն:
Այնուհետ հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, հաջորդ տարի կազմակերպվելիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համաժողովը, գործարարների և բարերարների, քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները, որոնցից առաջինի ընթացքում առաջնային կլինի Համահայկական խորհրդի նախանշումն ու ձևավորումը, երկրորդի դեպքում՝ սփյուռքի գործարարների միջև ցանցային կապերի ձևավորումը և Հայաստանի բիզնես միջավայրին ծանոթություն, երրորդի պարագայում՝ ծանոթությունների և կապերի հաստատումը: Գրասենյակը շարունակելու է համայնքների հետ տարվող աշխատանքը, երկխոսությունը, փոխճանաչությունը, մեծ տեմպերով սկսելու է սփյուռքի քարտեզագրումը, պահպանելու է մեկ պատուհանի սկզբունքը:
Ֆորումի ընթացքում Հայաստանում իրենց հաջողության պատմություններն են ներկայացրել Հայաստանից ժամանած մի շարք գործարարներ, որոնց մեծ մասը հայրենադարձներ են: «Repat Armenia» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանը, «Դեպի Հայք» կազմակերպության ղեկավար Սևան Կաբակյանը, «ITisArmenia»-ի հիմնադիր Հովհաննես Իսպիրյանը, «Street Workout Armenia» կազմակերպության համահիմնադիր Ղազար Հակոբյանը, «Creopia Productions» ընկերության համահիմնադիր Սաշկա Ավանյանը, «Global Shapers Dilijan Hub»-ի հիմնադիր-ղեկավար Գևորգ Մանթաշյանը, «Apaga Resort»-ի, «Yell Extreme Park»-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, «Menu Group»-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, «Photo Atelier Marashlyan»-ի հիմնադիր Էմմա Մարաշլյանը, «Sunland» ընկերության տնօրեն Արտյոմ Թադևոսյանը և այլք պատմեցին Հայաստանում հաջողելու բոլոր հնարավորությունների մասին: