Զարեհ Սինանյանը մասնակցել է Իմունային ուռուցքաբանության միջազգային գագաթնաժողովին
16 Հոկրեմբերի 2025
Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Իմունային ուռուցքաբանության միջազգային գագաթնաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով առողջապահության և գիտության ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության նշանակությունը։
Գագաթնաժողովը կազմակերպվել էր «Santé Arménie» նախաձեռնության, Առողջապահության և Բժշկական Հետազոտությունների Ազգային Ինստիտուտի (INSERM), Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի համագործակցությամբ։
Միջոցառումը միավորում էր ակադեմիական, անցումնային և կլինիկական հետազոտությունների առաջատար միջազգային մասնագետների՝ նպատակ ունենալով ներկայացնել նորագույն գիտական ձեռքբերումները, խթանել միջառարկայական համագործակցությունը և նպաստել իմունային համակարգի վրա հիմնված քաղցկեղի թերապիաների նորարարական ուղղությունների զարգացմանը։
Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին՝ շեշտելով ֆրանս-հայկական գիտական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նշել է, որ նման հարթակները ոչ միայն բարձրացնում են Հայաստանի գիտական հեղինակությունը, այլև խթանում գիտելիքի փոխանակումն ու հետազոտական ներուժի զարգացումը՝ հնարավորություն ընձեռելով համատեղ արձագանքել համաշխարհային առողջապահական մարտահրավերներին։