Զարեհ Սինանյանը ընդունել է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես»-ի կազմակերպիչներ՝ Ավետիս Ավետիսյանին և Արմեն Նիազյանին
17 Հոկրեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է «Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես»-ի (Armenian International Healthcare EXPO 2025) կազմակերպիչներ՝ Ավետիս Ավետիսյանին և Արմեն Նիազյանին։
Հյուրերը Գլխավոր հանձնակատարին են ներկայացրել 2025 թ. նոյեմբերի 27-30-ը Երևանում՝ «Meridian Expo and Event Center» համալիրում կայանալիք հայկական առողջապահական միջազգային ցուցահանդեսի նպատակներն ու առաջնահերթությունները։
Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել անվանի հայ և օտարերկրյա ոլորտի մասնագետների ու կազմակերպությունների, դիրքավորել Երևանը և Հայաստանը որպես տարածաշրջանի առողջապահական և հարակից ոլորտների խոշորագույն կենտրոն։
Չորս օրերի ընթացքում ցուցահանդեսում ներկայացված կլինեն առողջապահական, ապահովագրական, ֆինանսաբանկային, լիզինգային, սննդի արտադրության և մատակարարման, զբոսաշրջային, ՏՏ և արհեստական բանականության, սպորտային, առողջ ապրելակերպի և ոլորտային այլ ուղղություններ ներկայացնող կազմակերպություններ։
EXPO-ի շրջանակում կանցկացվի նաև «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավը, որը կհամախմբի ոլորտի առաջատարներին՝ աշխարհի 52-ից ավելի երկրներից։ Կանցկացվեն գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, ՇՄԶ դասընթացներ և B2B հանդիպումներ։
Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել նախաձեռնությունը և ընդգծել Հայաստանի որպես տարածաշրջանում առողջապահական կենտրոն դառնալու տեսլականի, ինչպես նաև ՀՀ առողջապահության ոլորտի զարգացման հարցում սփյուռքահայ մասնագետների ներգրավվածության կարևորությունը։