Զարեհ Սինանյանն հանդիպել է Ստամբուլի հայկական Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը
29 Հոկրեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հոկտեմբերի 29-ին Ստամբուլի հայկական Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանի գլխավորած պատվիրակության հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ:
70 հոգանոց պոլսահայ պատվիրակության կազմում էին ուսուցիչներ, բժիշկներ, գործարարներ, գիտության, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ:
Գլխավոր հանձնակատարը հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, որից հետո հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակին: Պոլսահայ համայնքի ներկայացուցիչները և Զարեհ Սինանյանն անմար կրակի մոտ հարգանքի տուրքը եզրափակել են տերունական աղոթքով:
Գլխավոր հանձնակատարն ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ նման այցերը հայրենիք շատ կարևոր են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում և վերահաստատել Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Գրասենյակի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցել և նպաստել այս կապի ամրապնդմանն ու խորացմանը:
Շրջայցի ավարտին Գլխավոր հանձնակատարը և գրասենյակի աշխատակիցները պատասխանել են համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին հայրենադարձությանը և ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հնարավորություններին ու ընթացակարգերին:
Պատվիրակության անդամների հետ նշանակվել են անհատական հանդիպումներ՝ յուրաքանչյուր դեպքին մանրակրկիտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով: