Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ
08 Դեկտեմբերի 2025
Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ։
Այցի շրջանակում Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 6-ին Նյու Ջերսի նահանգում հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության անդամների, այնուհետև Armenian Missionary Association of America (AMAA) ԱՄՆ գրասենյակի ներկայացուցիչների հետ:
Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան–սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը միտված մի շարք թեմաներ։
Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքում պետականակենտրոն մտածողության ամրապնդումը և ներկայացրել Գրասենյակի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված նպատակային երկխոսության և համագործակցության ընդլայնմանը։
Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել ՌԱԿ-ի գործունեությունն ու կառույցի շարունակական ներգրավվածությունը հայաստանյան կյանքին:
ՌԱԿ-ն իր շարունակական աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին ու պետականությանը և ներկայացրել Հայաստանի և Գրասենյակի հետ հետագա համագործակցության գաղափարները:
Նույն օրը Նյու Ջերսիում Գլխավոր հանձնակատարն այցելել է AMAA հասարակական բարեգործական կազմակերպության ԱՄՆ գրասենյակ, որտեղ հանդիպել է ղեկավար կազմի և խորհրդի անդամների հետ։
Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը սփյուռքում հայանպաստ գործունեություն ծավալելու, ինչպես նաև Հայաստանում լայնամասշտաբ ծրագրերի իրականացման համար՝ կրթական, տնտեսական, սոցիալական, առողջապահական և հոգևոր-մշակութային ոլորտներում։
Զարեհ Սինանյանն ընդգծել է AMAA-ի բազմամյա գործունեությունն ու Գրասենյակի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը կարևոր դեր ունի Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։
Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության օրակարգն ու առաջնահերթությունները։