ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

22 Ապրիլի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։

Ապրիլի 22-ին Զարեհ Սինանյանն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մեցի Ֆրանսիական պետական տարածաշրջանային կառավարման ինստիտուտ (IRA), որտեղ հանդիպել է կառույցի ղեկավար Ժան-Մարկ Սիրի և աշխատակազմի հետ։

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ծանոթացել է ինստիտուտի գործունեությանը, կատարել շրջայց ռեսուրսային կենտրոնում: Քննարկվել են Հայաստանի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։

Օրվա երկրորդ կեսին Գլխավոր հանձնակատարը մեկնել է Ֆորբախ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Ֆորբախի քաղաքապետ Ալեքսանդր Կասսարոյի հետ։

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը շնորհավորել է քաղաքապետին վերընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայ համայնքին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ընդգծելով դրա կարևորությունը համայնքի սոցիալական ինտեգրման և զարգացման հարցում։

Կողմերը կարևորել են Ֆրանսիայում, մասնավորապես՝ Ֆորբախում, հայ համայնքի դերը՝ որպես հաջողված ինտեգրման օրինակ, որտեղ հաղթահարվում են մշակութային և լեզվական խոչընդոտները՝ միաժամանակ պահպանելով ազգային ինքնությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շարունակական զարգացմանը՝ ընդգծելով Ֆորբախի և Հայաստանի համայնքների միջև առավել սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը։

Գլխավոր հանձնակատարը նշել է, որ Հանձնակատարի գրասենյակը հանդիսանում է արդյունավետ ինստիտուցիոնալ կամուրջ Ֆրանսահայ համայնքի և Հայաստանի միջև՝ նպաստելով մշակութային, կրթական և սոցիալական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը գրառում է կատարել Ֆորբախի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի մատյանում։

Քաղաքապետարանում հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ֆորբախի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրել Գրասենյակի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը, որին հաջորդել է հարցուպատասխան։

Հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի անվտանգությանը, հայ-ֆրանսիական համագործակցությանը, հայրենադարձությանը, սփյուռքի համայնքների հետ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office