Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը դեպի Ֆրանսիա

23 Ապրիլի 2026

Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը դեպի Ֆրանսիա։

Ապրիլի 23-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ժոֆի հայկական սպորտային կենտրոն, որտեղ հանդիպել է Կենտրոնի ղեկավարության՝ Արմեն Եփրեմյանի և Էդուարդ Բալայանի, ինչպես նաև Կենտրոնի սաների հետ։

Այցի շրջանակում Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել Կենտրոնում, ծանոթացել գործունեությանը և շնորհակալություն հայտնել ղեկավարությանը և սաներին՝ իրականացվող հետևողական ու նվիրական աշխատանքի համար։ Նա ընդգծել է նման կառույցների կարևոր դերը սփյուռքում հայկական ինքնության պահպանման, երիտասարդության համախմբման և առողջ ապրելակերպի խթանման գործում։

Նույն օրը Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Ժոֆի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ընթացիկ նախաձեռնություններն ու առաջիկա ծրագրերը՝ միտված Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման ավարտին անցկացվել է հարցուպատասխան, որի ընթացքում համայնքի ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ հայրենադարձության հնարավորությունների, երիտասարդության ներգրավման, կրթական և մշակութային ծրագրերի, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ։

Գլխավոր հանձնակատարը պատասխանել է բարձրացված հարցերին՝ ընդգծելով Հայաստան–Սփյուռք շարունակական երկխոսության, փոխադարձ վստահության և համատեղ նախաձեռնությունների կարևորությունը։ Նա նշել է, որ Գրասենյակի առաջնահերթություններից է Սփյուռքի համայնքների հետ առավել արդյունավետ և կենդանի կապի ապահովումը։

Նույն օրը երեկոյան Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Ժոֆի Երիտասարդության և մշակույթի տանը (MJC) «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» կազմակերպության կողմից կազմակերպված մշակութային երեկոյին։

Միջոցառման շրջանակում Գլխավոր հանձնակատարը շնորհակալագրեր է հանձնել համայնքի մի շարք անդամների՝ նվիրական աշխատանքի, բարձր նվաճումների, հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և համայնքային կյանքի զարգացմանն ուղղված հետևողական գործունեության համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office