Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

28 Ապրիլի 2026

Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։

Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մարսելում՝ ՀՀ գլխավոր հյուպատոսարանում, հանդիպել է Մարսելի նորընտիր փոխքաղաքապետեր Ժուլիեն Հարունյանի և Յաննիկ Օհանեսյանի հետ։

Գլխավոր հանձնակատարը շնորհավորել է նրանց՝ մարտ ամսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում փոխքաղաքապետի պատասխանատու պաշտոնները ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր գործունեություն։

Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը կարևորել է Մարսելի և Երևանի միջև ձևավորված քույր քաղաքների համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ նրանց պաշտոնավարման ընթացքում այն նոր թափ կստանա և կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների։

Գլխավոր հանձնակատարը հատուկ ընդգծել է Մարսելի հայ համայնքի նշանակալի դերակատարությունը քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքում, ինչպես նաև Հայաստանի հետ բազմոլորտ կապերի զարգացման և ամրապնդման գործում։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր կլինի լիարժեք իրացնել համայնքի ներուժը և առավել ամրապնդել հայ-ֆրանսիական հարաբերությունները։

Օրվա երկրորդ կեսին Գլխավոր հանձնակատարը մեկնել է Նիցցա, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ տեղի հայկական համայնքի կառույցների ներկայացուցիչների և այլ պաշտոնատար անձանց հետ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office