Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է
30 Ապրիլի 2026
Ապրիլի 29-ին Զարեհ Սինանյանը Նիցցայում հանդիպել է Կոտ դը Ազուրում Սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանի, Մշակույթի և արվեստի միջազգային համարգման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի, Կոտ դը Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի ղեկավարության, խորհրդին մաս կազմող միությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Նիցցայի քաղաքային խորհրդի մի շարք նորընտիր անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային կյանքի ակտիվացման, երիտասարդների ներգրավման, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք գործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։
Հաջորդ օրը Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Արվեստի և մշակույթի ֆրանս-հայկական կենտրոնի կողմից կազմակերպված մշակութային միջոցառմանը։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել ճանաչված արվեստագետներ՝ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը, սոպրանո Շուշիկ Բարսումյանը, ջութակահար և խմբավար Հայկ Դավթյանը, ինչպես նաև կոմպոզիտոր և կլառնետահար Պիեր Դուտրիոնը։
Միջոցառումը համախմբել է արվեստասերների և բազմաթիվ հանդիսատեսների՝ ստեղծելով հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության յուրահատուկ միջավայր։