ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում
11 Մայիսի 2026
Մայիսի 11-ին Լոս Անջելեսում Գլխավոր հանձնակատարն այցելել է հաճախորդների փորձառության (CX) հետազոտական հարթակ հանդիսացող «DISQO» ընկերություն և հանդիպել ընկերության հիմնադիրներ Արմեն Աճեմյանի, Դրյու Կուտչարյանի և Արմեն Պետրոսեանի հետ։
2015 թվականին երեք սփյուռքահայերի կողմից հիմնադրված «DISQO»-ն այսօր հանդիսանում է արագ աճող տեխնոլոգիական ընկերություն, որը հաճախորդների փորձառության և շուկայի հետազոտության ոլորտում նորարարական լուծումներ է տրամադրում փոքր, միջին և խոշոր բիզնեսներին։ Ընկերությունն ունի մասնաճյուղ նաև Երևանում, որտեղ 2018 թվականից գործում է նրա հիմնական ինժեներական և տեխնոլոգիական գրասենյակներից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում Հայաստան–սփյուռք համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում «DISQO»-ի գործունեության ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև արհեստական բանականության (AI) ոլորտում առկա միտումներին, տվյալների վերլուծության և թվային նորարարությունների զարգացման ուղղություններին, ինչպես նաև այդ ոլորտներում հայկական մասնագիտական ներուժի ներգրավման և միջազգային մրցունակության բարձրացման կարևորությանը։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքահայ մասնագետների և տեխնոլոգիական ընկերությունների դերակատարությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում՝ ընդգծելով, որ նման համագործակցությունները նպաստում են երկրի նորարարական կարողությունների ամրապնդմանը և միջազգային կապերի ընդլայնմանը։
Աշխատանքային այցի շրջանակում Լոս Անջելեսում Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև գործարար և տեխնոլոգիական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ։