Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026
22 Մայիսի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երևանում կանցկացնի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը։
Երևանը կհյուրընկալի աշխարհի տարբեր երկրներից շուրջ 800 մասնակիցների՝ Հայաստանի և սփյուռքի համայնքային կառույցների, կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների։
Գագաթնաժողովը համահայկական հիմնարար հարթակ է, որի նպատակն է համախմբել համաշխարհային հայկական ներուժը՝ խթանելու Հայաստան–Սփյուռք գործակցության խորացումը, ձևավորելու միասնական օրակարգ, ինչպես նաև նախանշելու երկարաժամկետ զարգացման ռազմավարական ուղղություններ։
Քառօրյա գագաթնաժողովը հագեցած է լինելու բազմոլորտ քննարկումներով տարբեր ձևաչափերում՝ պանելային նիստեր, թեմատիկ քննարկումներ, կլոր-սեղաններ, փորձագիտական հանդիպումներ, համագործակցության հարթակներ և մշակութային միջոցառումներ։
Քննարկումների շրջանակում անդրադարձ կկատարվի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորություններին, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում նորարարություններին, հայկական համայնքների զարգացմանը, ինչպես նաև հայրենադարձության խթանմանն ու ինտեգրման գործընթացներին։
Համաշխարհային հայկական գագաթնաժողովներն արդեն կայացել են որպես արդյունավետ համագործակցության հարթակ․ առաջին գագաթնաժողովը անցկացվել է 2022 թվականին՝ ընդունելով շուրջ 600 մասնակցի, իսկ երկրորդը՝ 2024 թվականին՝ մոտ 1000 մասնակցի՝ ընդգրկելով աշխարհի ավելի քան հինգ տասնյակ երկրներ։
Այժմ մեկնարկել են համաժողովի խորհրդատվական մարմինների աշխատանքները՝ միտված համաժողովի օրակարգի մշակմանը։
Գագաթնաժողովի մասնակցության վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Հետևե՛ք մեր սոցիալական հարթակներին՝ առավել մանրամասն տեղեկությունների համար։