Հայտնի են «Ներուժ» ծրագրի հաղթողները
20 Դեկտեմբերի 2019
Դեկտեմբերի 20-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի շրջանակներում իրականացված բութքեմփի ամփոփումը:
Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Ողջունելով մասնակիցներին՝ «Ներուժ»-ի հիմնադիր Մխիթար Հայրապետյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նախորդ տարվա հաղթող մասնակիցների հաջողության պատմություններում ծրագրի ունեցած դերը.
«Եթե նրանք չկայանային, այս տարի «Ներուժ» ծրագիրը տեղի չէր ունենա: Ես առավել քան վստահ եմ, որ այս անգամ հաղթողները ևս հաջողելու են հայրենիքում: Մենք չենք ասում, որ Հայաստանն այլևս միայն հուզական տարածք է ձեզ համար, Հայաստանը միայն Արարատ լեռը չէ, միայն պատմական, հոգևոր, մշակութային ժառանգությունը չէ: Հայաստանը ժամանակակից, արագ տեմպերով առաջ գնացող գրավիչ երկիր է, որը ձեզ կանչում է հետ, և ասում է` եկեք, հաստատվեք, բիզնես արեք, հարստացեք և հարստացրեք ձեր միջավայրը»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շեշտեց, որ այս տարի «Ներուժն» ունի բոլոր նախադրյալներն անցած տարվա հաջողությունը կրկնելու համար, և կազմակերպողների թիմի կողմից ներդրվել են ջանքեր, որ անկախ մրցույթի արդյունքներից՝ մասնակիցները «Ներուժ»-ից տանեն միայն դրական լիցքեր, տպավորություններ, նորից հայրենիք վերադառնալու ցանկություն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ևս անդրադարձավ այն կարևոր կապերին, որ գոյություն ունեն հայրենիքի և սփյուռքի միջև՝ համարելով վերջինը որպես թանկարժեք ռեսուրս, որին պետք է ճիշտ վերաբերվել և ճիշտ ուղղորդել նրանում առկա ներուժը: Եվ սա այն ծրագիրն է, որը հաջողությամբ կամրջում է հայաստանյան և սփյուռքի առաջադեմ մարդկանց՝ դառնալով նրանց մտքերի փոխանակման, ապագային միտված նախագծերի քննարկման ու այդ նախագծերին կյանքի կոչման հնարավորություն տալու մի կուլմինացիոն օղակ: «Ես ուզում եմ կոչ անել, որ այս մրցույթում չհաղթածները չհուսահատվեն, հավատան իրենց գաղափարներին, և վստահ եմ, որ հետագայում հաջողություն կունենան, քանի որ նմանատիպ մրցույթները Հայաստանում հաջորդ տարի շատ ավելի են լինելու, նախարարությունը հանդես է գալու մի շարք նոր նախաձեռնություններով»,-նշեց նախարարի տեղակալը:
Այնուհետև Զարեհ Սինանյանը և Արմեն Աբրոյանը հանձնեցին պետական դրամաշնորհները մրցույթում հաղթած սթարթափներին, որոնք 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափները՝ «Marathon», «eBin», «SoFetch», արժանացան 15.000, 20.000 և 25.000 հազար դոլարին համարժեք դրամաշնորհների, իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարափներն էին «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը:
Ըստ այդմ՝ ծրագրի դրամաշնորհային 80 միլիոն դրամ բյուջեից մոտ 64 մլն 800 հազար ՀՀ դրամը հատկացվում է մրցութային ծրագրում հաղթած սթարթափներին դրամաշնորհների տեսքով, և ևս 15 մլն 200 հազար ՀՀ դրամը կներդրվի սթարթափների հետագա ինկուբացիայի, աքսելերացիայի և գլոբալ շուկաներ դուրս բերելու միջոցառումների իրականացման համար: Վերջինս հասանելի է լինելու ինչպես դրամաշնորհի արժանացած սթարթափներին, այնպես էլ նրանց, որոնք անկախ մրցանակ չստանալու փաստից, ամեն դեպքում կցանկանան ռեալիզացնել իրենց գաղափարը հայրենիքում:
Ծրագրի 14 գործընկերներն ու աջակիցներն իրենց կողմից 26 տեխնիկական, դրամական, ձեռնարկատիրական, խորհրդատվական, աշխատանքային տարածքի և այլ տարաբնույթ մրցանակներ տրամադրեցին դրամաշնորհի արժանացած և չարժանացած սթարթափերին՝ ըստ իրենց նախասիրության և ընտրության:
«Ներուժ»-ին այս տարի մասնակցեցին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափերի 80 ներկայացուցիչներ: Մրցանակային պարգևներից բացի՝ չորս օրերի հավաքի ընթացքում սթարթափերները հնարավորություն ունեցան ծանոթանալ և շփվել հայկական սթարթափ էկոհամակարգի դերակատարների հետ, ստանալ գործնական ուսուցում և ուղղորդում հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից, ներկայացնել իրենց սթարթափը ժյուրիի առաջ՝ կազմված միջազգային և տեղական ներդրողներից, աքսելերատորների ու ինկուբատորների ներկայացուցիչներից, տեխնոլոգիական ոլորտի փորձագետներից:
Ծրագրի իրականացման գործընկերներն են Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC), Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը (IDeA) և Օրիոն համաշխարհային նորարարություններ ՍՊԸ-ն (Orion Worldwide Innovations LLC.):