«իԳործ» 2025–2026 թթ. ծրագրի մասնակիցները հանդիպել են հայրենադարձների հետ

02 Հունիսի 2026

Հունիսի 2-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» 2025–2026 թթ. ծրագրի մասնակիցները հանդիպել են «Repat Armenia» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն Վարդան Մարաշլյանի, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հաղորդակցման ոլորտի ղեկավար Նելլի Պոլյակովի, Հայ կամավորների կորպուսի (AVC) գործադիր տնօրեն Արինա Զորաբյանի, «Repat Armenia» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարիաննա Չոբանյանի և այլ հայրենադարձների հետ։

Հանդիպման ընթացքում «իԳործ» ծրագրի մասնակիցները ներկայացրել են պետական համակարգում իրենց աշխատանքային գործունեությունն ու մասնագիտական փորձառությունը, անդրադարձել ծրագրին միանալու շարժառիթներին, հայրենադարձության անձնական պատմություններին, ինչպես նաև Հայաստանում ինտեգրման մարտահրավերներին։

Հյուրերն իրենց հերթին կիսվել են հայրենադարձության սեփական փորձով, ներկայացրել Հայաստանում մասնագիտական կայացման իրենց ուղին և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով հայրենադարձների ներգրավվածության և նրանց մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման կարևորությունը Հայաստանի զարգացման և պետական համակարգի հզորացման գործում։

Հանդիպումը կազմակերպվել էր «Repat Armenia» հիմնադրամի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ խթանել փորձի փոխանակումը, մասնագիտական կապերի ձևավորումն ու հայրենադարձների համայնքային ներգրավվածությունը։

Հիշեցնենք, որ այժմ ընթանում է «իԳործ» 2026–2027 թթ. ծրագրի հարցազրույցների փուլը։ Ընտրված մասնակիցները սեպտեմբերից կանցնեն աշխատանքի ՀՀ պետական համակարգում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office