Զարեհ Սինանյանը Դիլիջանում մասնակցել է «Հայ իրավաբանների գործունեության օրեր» միջոցառմանը
08 Հունիսի 2026
Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դիլիջանում մասնակցել է «Հայ իրավաբանների գործունեության օրեր» միջոցառմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ իրավաբանների համաշխարհային միավորման» նախաձեռնությամբ և անցկացվել հունիսի 6–8-ը ՀՀ-ում՝ Սևանում, Երևանում և Դիլիջանում։ Նախաձեռնության նպատակն էր ստեղծել բաց, վստահելի և գործընկերային միջավայր՝ աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայ իրավաբանների միջև մասնագիտական կապերի ամրապնդման, փորձի փոխանակման և համագործակցության նոր հարթակի ձևավորման համար։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 200 իրավաբաններ և փաստաբաններ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և եվրոպական մի շարք երկրներից։ Պատվավոր հյուրերի թվում էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը։
Միջոցառման շրջանակում «Հայ իրավաբանների համաշխարհային միավորումը» ստորագրել է մի շարք փոխըմբռնման հուշագրեր՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և զարգացնել միջազգային կապերը իրավական ոլորտում։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել նման նախաձեռնությունների դերը սփյուռքահայ մասնագիտական ներուժի համախմբման, հայրենիքի հետ կապերի խորացման և իրավաբանական ոլորտում համահայկական համագործակցության խթանման գործում։ Նա ընդգծել է, որ նման ոչ ֆորմալ, սակայն միաժամանակ բովանդակալից ձևաչափերը նպաստում են վստահության ձևավորմանը և երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների հաստատմանը։