Մեր հայրենադարձները. Հայկ Հովակիմյան
27 Դեկտեմբերի 2019
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայկն անցկացրել է իր կյանքի մեծ մասը, սակայն տարիների մտերմությունը բացվող կամուրջների քաղաքի հետ չխանգարեց նրան վճռել ու վերադառնալ հայրենիք: Իր ապագան Հայաստանում երբեք չէր պատկերացրել, բայց ամեն ինչ փոխվեց, երբ թավշյա հեղափոխությունը փոխեց Հայաստանը: «Դա ցնցող էր: Ես տեսա մեծ հնարավորություն երկրի և նրա ժողովրդի համար: Մտածեցի, որ ես ևս կարող եմ իմ ազդեցությունը թողնել»,- պատմում է երիտասարդ հայրենադարձը: Մի կողմից աջակցելու պատրաստակամություն, մյուս կողմից թերահավատությամբ լցված հայացքներ. ահա այսպես ընդունեցին Հայկի որոշումը ընտանիքն ու ընկերները: Ընդամենը մեկ ամիս և նա արդեն Հայաստանում էր՝ մշտական բնակության երազանքով:
Հայկի համար «ազդեցություն թողնելը» նախևառաջ մեկ բան էր ենթադրում՝ տարածել տեղեկատվություն: Ցանկանալով տեսնել սփյուռքահայերի ուղիղ ու անմիջական ներգրավվածության ավելի մեծ ծավալները՝ նա մտածեց օգտագործել անցյալում վավերագրական ֆիլմերի արտարդության փորձն ու ստեղծեց յութուբյան իր սեփական ալիքը՝ «Repat Riarch»: Այն յուրահատուկ պատուհան է, որից կարելի է տեսնել՝ ինչ է իրականում նշանակում ապրել Հայաստանում: Հայկի նպատակը բնավ էլ երկրի միայն հեքիաթային կողմը ներկայացնելը չէ. լինել անկեղծ որքան հնարավոր է, միևնույն ժամանակ բացահայտել հաջողելու բոլոր հնարավորությունները: Չնայած ալիքն իր մեկ տարին էլ չի բոլորել, սակայն 1 ու կես միլիոն դիտումներն ու 15.000 բաժանորդները գալիս են պատմելու արդեն իսկ ունեցած հաջողության մասին:
Սկզբում այդ տեպերով աճն անսպասելի էր:
Անգամ մի քանի վիրուսային տեսանյութերից հետո Հայկի նպատակը չի երերում. նա ցանկանում է 20 տարի անց Հայաստանում տեսնել 6 միլիոն բնակիչ: «Գլխավոր ուղերձը, որ ես փոխանցում եմ ցանկացած հայի, այն է, որ Հայաստանը մեր երկիրն է, և մենք պատասխանատվության չափաբաժին ենք կրում նրա հանդեպ: Կարևոր չէ՝ որտեղ եք դուք ապրում՝ Պետերբուրգ, Չիկագո, թե այլուր: Մի մոռացեք, որ մեր երկիրն այստեղ է, և դուք կարող եք անել ձեր քայլը»:
Ցանկանու՞մ եք Հայաստանը տեսնել Հայկի աչքերով: Հետևեք նրա էջին՝ «Repat Riarch», կամ պարզապես ուղիղ կապ հաստատեք նրա հետ: