Չորրորդ օրվա կրթական ծրագիրը մեկնարկել է «Համագործակցություն Հայաստանի և այլ երկրների միջև նորարարության և ձեռներեցության ոլորտում» թեմայով դասախոսությամբ

29 Օգոստոսի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում շարունակվում են կրթական և ճանաչողական միջոցառումները, որոնց նպատակն է զարգացնել սփյուռքահայ երիտասարդների մասնագիտական և առաջնորդական հմտությունները, ինչպես նաև խթանել նրանց ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընթացներում։

Չորրորդ օրվա կրթական ծրագիրը մեկնարկել է «Համագործակցություն Հայաստանի և այլ երկրների միջև նորարարության և ձեռներեցության ոլորտում» թեմայով դասախոսությամբ, որը վարել է ԱՅ ՍԻ Հայաստանյան ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ, Առևտրի և ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը։ Դասախոսության ընթացքում մասնակիցները ծանոթացել են միջազգային համագործակցության հաջողված փորձին, նորարարական էկոհամակարգերի զարգացման հնարավորություններին և Հայաստանի ներդրումային ներուժին։

Կրթական միջոցառումները շարունակվել են «Պաշտոնական էթիկա և խոսքի կառավարում» թեմայով դասախոսությամբ, որը վարել է «իԳործ» 2025–2026 թթ. ծրագրի մասնակից Լիլիթ Դանիելյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտոնական խոսքի առանձնահատկությունները և արդյունավետ հաղորդակցության գործիքները։

Օրվա ավարտին երիտասարդ դեսպանները հանդիպել են «reArmenia» հարթակի ներկայացուցիչների հետ։ «reArmenia․ Հայության համագործակցության առաջին քայլը» թեմայով հանդիպման շրջանակում ներկայացվել են հարթակի առաքելությունը, իրականացվող ծրագրերը և սփյուռքի ներուժի ներգրավման նոր հնարավորությունները՝ համահայկական համագործակցության և ազդեցիկ նախաձեռնությունների իրականացման համատեքստում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office