Ծրագրի հինգերորդ օրը մեկնարկել է «Իմ համայնքը» թեմայով աշխատաժողովով

30 Օգոստոսի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վեցերորդ շրջափուլի մասնակիցները շարունակում են Հայաստանյան փուլի 13-օրյա վերապատրաստման դասընթացը։

Ծրագրի հինգերորդ օրը մեկնարկել է «Իմ համայնքը» թեմայով աշխատաժողովով, որի ընթացքում երիտասարդները ներկայացրել են իրենց համայնքները, քննարկել են համայնքային աշխատանքի առանձնահատկությունները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ծանոթացել դրանց հաղթահարման արդյունավետ գործիքներին և համայնքային ներգրավվածության լավագույն փորձին։

Օրվա երկրորդ կեսին մասնակիցները հանդիպել են «ԱրԹևեր» անիմացիոն ստուդիայի հիմնադիր տնօրեն Նարեկ Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է հայկական անիմացիայի զարգացման ուղին, ստեղծարար ոլորտում ձեռնարկատիրության փորձը և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունները։

Հագեցած օրը եզրափակվել է ազգային պարերով։

Հիշեցնենք, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի Հայաստանյան փուլը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office